ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է Բուլղարիայի նորանշանակ դեսպանին

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիկոլա Նիկոլովի հետ։

Հանդիպումը կայացել է դեսպանի հավատարմագրերի պատճենի հանձնման արարողության շրջանակում։ Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։

Զրույցի ընթացքում քննարկվել են տնտեսական, էներգետիկ, գիտակրթական և մշակութային ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարները։ Կողմերը նաև քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության խորացման հնարավորությունները՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն է տրվել դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթին։

Վերջում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։